ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսազանգ է ունեցել
ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրներում Նոր Կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման
պայմաններում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, տեղի են ունեցել
կոնկրետ քննարկումներ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց
ՌԴ-ում աշխատող անձանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ: Առանձին ուսումնասիրվել
են այն դեպքերը, որոնք վերաբերում են համաճարակի հիմքով սահմանափակումների պատճառով
ընտանիքների վերամիավորումներին և երկրներ վերադարձին:
Տեսազանգի ընթացքում կողմերն իրականացրել են փորձի փոխանակում
գործող իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքի ուղղությունների, իրավասու պետական
մարմինների հետ համագործակցության, հասարակության, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների
համար իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:
Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ հրապարակել է ուղեցույց «Նոր կորոնավիրուսի
և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ», որը տպագրվել է
բրայլյան գրով, թարգմանվել է անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև մեր երկրում բնակվող
ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ քրդերեն, եզդիերեն, ասորորեն, հնդկերեն:
Կողմերը կարևորել են Կորոնավիրուսի
տարածման և կանխարգելման նպատակով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից
գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը: Մարդու իրավունքների
պաշտպանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը
և տեղեկությունների արագ և արդյունավետ փոխանակման մեխանիզմների առկայությունը դեսպանատան
և օմբուդսմանների միջև:
Կողմերը քննարկել են քաղաքացիների աջակցությունը թեժ գծի
ծառայության միջոցով ավելի արդյունավետ և արագ կազմակերպելու հարցեր, քանի որ համաճարակի
և արտակարգ դրության պայմաններում ավելացել է թեժ գծի զանգերի թիվը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել
ստեղծված իրավիճակի ընթացքում պարբերաբար անցկացնել նման ձևաչափով քննարկումներ փորձի
փոխանակման նպատակով:
Երկու երկրների աշխատակազմերում
առանձնացվել են աշխատակիցներ, ովքեր սերտորեն համագործակցում և տեղեկություններ են
փոխանակում ստեղծված իրավիճակում քաղաքացիների իրավունքների երաշխավորման նպատակով: