Այսօր ողջ
օրվա ընթացքում իրականացվել է Ամուլսարի հանքի հետ կապված ակցիաների դիտարկում ինչպես
անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով: Ուսումնասիրության
ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները:
Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 7 ահազանգ այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն
անհամաչափ ուժ են գործադրել ակցիաների մասնակիցների նկատմամբ ու նրանցից մի քանիսին
բերման են ենթարկել Ոստիկանության բաժին: Ահազանգերից մեկի համաձայն՝ բերման ենթարկվածներից
մեկն ունի բժշկական օգնության կարիք:
Մարդու իրավունքների
պաշտպանի հանձնարարությամբ՝ անմիջապես արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության
Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին: Բաժնում գտնվելու ընթացքում պարզվել է, որ
բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 6 մասնակից, որոնցից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր
Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ուստի, Պաշտպանի որոշմամբ` մեկ այլ խումբ էլ անմիջապես
մեկնել է բժշկական կենտրոն:
Ոստիկանության
բաժնում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ակցիայի ժամանակ բերման
ենթարկված բոլոր մասնակիցների հետ: Վերջիններս պնդել են, որ Ոստիկանության ծառայողներն
իրենց չեն ներկայացրել ազատությունից զրկելու պատճառները և բերման ենթարկելիս կիրառել
են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ:
Պաշտպանի ներկայացուցիչներն
ուսումնասիրել են բերման ենթարկված աձանց հաշվառման մատյանը և արձանագրել լրացման կարգի
խախտումներ: Նաև արձանագրվել է, որ Ոստիկանության բաժնում գտնվողներն ազատ են արձակվել
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված ժամկետում: Անազատության
մեջ գտնվող անձանց պարզաբանել են նրանց իրավունքները, ինչպես նաև Մարդու իրավունքների
պաշտպանին դիմելու կարգը և Պաշտպանի կողմից բողոքի քննարկման ընթացակարգը:
«Սուրբ Գրիգոր
Լուսավորիչ» բժշկական կենտրոն մեկնած արագ արձագանքման խումբն առանձնազրույց է ունեցել
բուժկենտրոն տեղափոխված անձի հետ: Արձանագրվել է նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական
անձնակազմի գնահատականը: Առանձնազրույցի ընթացքում բժշկական հաստատություն տեղափոխված
ակցիայի մասնակիցը տեղեկացրել է, որ իր նկատմամբ Ոստիկանության ծառայողները կիրառել
են բռնություն, այդ թվում՝ հարվածել են դեմքին և ոտքերին, ինչի պատճառով վատթարացել
է իր առողջական վիճակը: Պաշտպանի ներկայացուցիչները նրա հետ առանձնազրույց են ունեցել
նաև Ոստիկանության բաժնում, ով ևս մեկ անգամ հաստատել է այդ տեղեկությունը:
Այցի ընթացքում
պարզվել է նաև, որ Ոստիկանության բաժին բերված երեք անձ, այդ թվում՝ բուժկենտրոն տեղափոխվածը,
Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ներկայացրել են հանցագործության
մասին հաղորդում:
Վերը նշված
այցերի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն և համապատասխան գրություններ կուղարկվեն
ՀՀ ոստիկանություն և ՀՀ դատախազություն:
Ամուլսարի
հանքի հետ կապված խնդիրները շարունակելու են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության
կենտրոնում։