Մարդու իրավունքների
պաշտպանի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել
«Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ, առանձնազրույցներ ունեցել Իջևանում
տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված 10-ը անձանց հետ:
Առանձնազրույցների
ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեական վարույթին և առաջադրված
մեղադրանքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, նրանք պնդել են, որ քրեական գործում
չկան իրենց մեղսագրվող հանցանքի մասին վկայող ապացույցներ, և առաջադրված մեղադրանքներն
անհիմն են: Ավելին՝ նրանք նշել են, որ իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները հիմնված
են մեկ անձի՝ ոստիկանության ծառայողի, և այն էլ անորոշ ցուցմունքի վրա:
Ինչպես արդեն
նշել ենք նախորդ հայտարարությամբ, այս գործով բերման ենթարկելիս և ձերբակալելիս Ոստիկանության
ծառայողների կողմից վատ վերաբերմունք դրսևորելու հարցի առնչությամբ արդեն իսկ վարույթ է նախաձեռնված: Այս հարցերն արձանագրվել
են Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ հայտարարությամբ:
Քրեակատարողական
հիմնարկներ այցի ընթացքում բարձրացվել են նաև առողջական վիճակի հետ կապված խնդիրներ,
որոնք ըստ բնույթի և անհրաժեշտության քննարկվել են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության,
քրեական վարույթին ներգրավված փաստաբանի կամ ազատությունից զրկված անձի ընտանիքի անդամների
հետ:
Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև կալանավորված անձանց փաստաբանների հետ:
«Արմավիր»
և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պայմաններից և ծառայողների վերաբերմունքից
դժգոհություններ չեն ներկայացվել:
Արձանագրված
խնդիրներն ամփոփվել են և լրացուցիչ գրություններ են հասցեագրվել Դատախազություն, Ոստիկանություն
և Արդարադատության նախարարություն:
Սեփական նախաձեռնությամբ
սկսված քննարկման վարույթի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է
ձեռնարկել օրենքով պահանջվող բոլոր անհրաժեշտ միջոցները: