Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 31-ին, աշխատանքային հանդիպում
է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի մարդու
իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Մարդու իրավունքները
պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Միջազգային իրավապաշտպան
կառույցները պետք է ընդունեն այս սկզբունքը: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք,
երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, որոնց պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը
չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից»,- իր խոսքում ասել է Արման Թաթոյանը։
Հանդիպման
ժամանակ քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ
հարցում համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր:
Արման Թաթոյանը
կարևորել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների
պաշտպանի ինստիտուտների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հետագայում
այն ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:
Կողմերը արձանագրել
են Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միասնական ջանքերի կարևորությունը քննարկված
խնդիրների լուծման հարցում: