«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն Պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելումը և պաշտպանությունը վերապահված է Մարդու իրավունքների պաշտպանին։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, նրանց համար ինքնուրույն և արժանապատիվ, անկախ կյանքի երաշխավորման հրամայականը, խտրականության բացառումը ենթադրում են ակտիվ համատեղ աշխատանքներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այս նպատակով նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին կից՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական խորհուրդ:
Տարբեր հարցերի թվում խորհրդի նպատակներից է հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքի խրախուսումը, մարդու իրավունքներից և ազատություններից լիարժեք և հավասարապես օգտվելու հնարավորությունների, անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքի իրացման երաշխավորումը, նրանց ինքնուրույնությունը և մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում խթանելը և այլն: Այս համատեքստում Խորհրդի խնդիրներից են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածության ապահովումը, նրանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը, համակարգային խնդիրների վեր հանումը և դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետազոտությունների, ուսումնասիրությունների կամ վերլուծությունների իրականացումը:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել
1. հասարակական կազմակերպություններ, որոնք ըստ իրենց կանոնադրության և/կամ գործունեության շրջանակի՝ բացառապես կամ հիմնականում աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում՝
• մատուցելով նրանց ծառայություններ, և/կամ
• զբաղվելով ուղղակիորեն հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող քաղաքականության և կանոնակարգման խնդիրներով, և
• ունեն առնվազն 2 տարվա ոլորտային փորձ:
2. փորձագետներ, ովքեր
• մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, և
• ունեն առնվազն 2 տարվա ոլորտային փորձառություն:
Խորհրդին անդամության համար մինչև 2020 թվականի ապրիլի 6-ը կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմ՝ ներկայացնելով.
• հասարակական կազմակերպության գրանցման վկայականը, իսկ որպես անկախ փորձագետի դիմելու դեպքում՝ ինքնակենսագրականը,
• հասարակական կազմակերպության գործունեության, իսկ որպես անկախ փորձագետի դիմելու դեպքում՝ փորձագիտական հմտությունների և ոլորտի հակիճ նկարագիրը,
• տեղեկություններ իրականացրած ծրագրերի, փորձագիտական աշխատանքներին և ոլորտում կատարած այլ աշխատանքների վերաբերյալ,
• հետաքրքրվածության նամակ հասարակական խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ:
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն Պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանին՝ m_sargsyan@ombuds.am էլ. հասցեով:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել (+374 10) 53-85-77 հեռախոսահամարով: