«Հայկական
բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին բերման
ենթարկելու մասին տեղեկության և դրա կապակցությամբ մտահոգությունների հրապարակումից
անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման
ընթացակարգ:
Բացի դրանից,
վերը նշվածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է
ստացել նաև դեպքից հետո Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ներկայացված «Հայկական բնապահպանական
ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկի ահազանգով:
Մարդու իրավունքների
պաշտպանի նախաձեռնած քննարկման շրջանակում առաջնահերթ կարգով կապ է հաստատվել Աննա
Շահնազարյանի հետ: Նա Պաշտպանին հասցեագրած գրավոր բողոքով հայտնել է, որ բերման ենթարկելիս
Ոստիկանության ծառայողները չեն ներկայացրել իրեն արգելանքի վերցնելու, այն է՝ ազատությունից
զրկելու հիմքերն ու պատճառները, իր դատավարական կարգավիճակը, դրանից բխող իրավունքները:
Աննա Շահնազարյանի պնդմամբ՝ Ոստիկանության ծառայողներն անհիմն առգրավել են ակցիայի
մասնակիցների գույքը (պաստառ, սեղան, աթոռ, թռուցիկներ), ինչպես նաև հանգանակված ողջ
գումարը: Աննա Շահնազարյանի ձևակերպմամբ՝ Ոստիկանության ծառայողներն իրեն հայտնել են,
որ ինքը ոչ թե բերման է ենթարկվել, այլ խարդախության կասկածանքով ներկայացվել է Ոստիկանության
բաժին:
Աննա Շահնազարյանի
պնդմամբ՝ Ոստիկանությունն այս գործողություններով խոչընդոտել է իր հասարակական գործունեությանը:
Ներկայում
ձեռք բերված բոլոր տեղեկություններն, այդ թվում՝ Աննա Շահնազարյանի գրավոր բողոքի հանգամանքներն
ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում: Բարձրացված հարցերի կապակցությամբ համապատասխան
պարզաբանումների պահանջով ու կոնկրետ հարցադրումներով գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանություն: