Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում
եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա առիթով:
Ընտանիքը հասարակության
բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը: Հայաստանում
ընտանիքը մշտապես գտնվում է պետության պաշտպանության և հոգածության ներքո:
Ամուր սիրո
ու հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն են բարոյական բարձր արժեքների ձևավորման
հիմքում և կազմում են քաղաքակիրթ հասարակության առանցքը: Բռնությունը խարխլում է ընտանիքի
հիմքը, բացասաբար է ազդում ընտանիքում երեխաների առողջ զարգացման ու դաստիարակության
վրա:
Միմյանց նկատմամբ
սերը և միմյանց արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքն են կարող ապահովել
համերաշխությունն ընտանիքում: Պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս արժեքների պահպանման
համար:
Հայաստանի
Հանրապետությունում ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան
հարաբերությունները սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ
օգնության և պատասխանատվության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության,
նրանց լսված լինելու, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն
ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։
Արդեն շուրջ
երկու տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը մայիսի 15-ը հռչակել է ընտանիքի միջազգային օր, ինչը
նպատակ ուներ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել ընտանիքի պաշտպանությանն
ու զարգացմանն առնչվող խնդիրների վրա: Հայաստանը 2011 թվականից այս օրն ամրագրել է
որպես Ընտանիքի օր:
Սա յուրահատուկ
հնարավորություն է եւս մեկ անգամ արժևորելու ընտանիքն ու ընդգծելու ընտանիքի բացառիկ
դերը հասարակության ու պետության զարգացման գործում:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան