Փաստաբան Լուսինե Հակոբյանի ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների
պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է այցելել Երևան քաղաքի Շենգավիթ
վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենք: Փաստաբանը ներկայացրել է մտավախություն,
որ 2016 թվականին ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամները հնարավոր
է ենթարկվեն բռնության: Այս մտավախությունն ահազանգերով ներկայացրել են նաև փաստաբաններ
Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը և Հարություն Բաղդասարյանը:
Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց դատարանի շենքում
գտնվող բոլոր կալանավորվածների հետ: Պարզվել է, որ նրանք բռնության չեն ենթարկվել:
Այդուհանդերձ, դատարանի շենքում տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում Մարդու իրավունքների
պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել է մտավախություն բռնության կամ այլ տեսակի
վատ վերաբերմունքի ենթարկվելու հնարավորության մասին: Խոսքը վերաբերում է Ոստիկանության
Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարին: Վերջինս, ըստ կալանավորվածների,
2017թ. հունիսի 28-ին իրենց ծեծի է ենթարկել
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի
շենքում:
Հաշվի առնելով այս տեղեկությունը, փաստաբանների մտահոգությունները,
ինչպես նաև զինված խմբի կալանավորված անդամների պնդումներն այն մասին, որ հենց Ոստիկանության
այդ ծառայողն է նշվում՝ որպես նրանց ծեծի ենթարկող անձ, Մարդու իրավունքների պաշտպանն
անթույլատրելի է համարում Ոստիկանության այդ ծառայողի կողմից ՊՊԾ գունդ զինված մուտք
գործած խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը:
Ոստիկանությունը պետք է անհապաղ բացառի Երևանի վարչության ուղեկցող
գումարտակի հրամանատարի կողմից զինված խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը կամ
նրանց հետ որևէ առնչություն ունենալը:
Այս հարցը կբարձրացվի նաև Ոստիկանությանն ուղղված գրությամբ: