Հոկտեմբերի 7-ին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Պաշտպանության նախարարությունից
քննարկմանը մասնակցել են նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակա ստորաբաժանումների,
այդ թվում՝ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինվորական կոմիսարիատի,
ռազմական ոստիկանության, ինչպես նաև իրավաբանական, ռազմաբժշկական, զինծառայողների սոցիալական
ապահովության վարչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում
քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Պաշտպանի աշխատակազմի
զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի իրականացրած
տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վերհանված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան հաղորդմամբ
արձանագրված խնդիրները:
Առանձին անդրադարձ
է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության
հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:
Քննարկվել են խնդիրների
լուծման կոնկրետ ուղիները, ինչպես նաև հստակեցվել են Պաշտպանության նախարարության և
ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների հետ հետագա համագործակցության ուղղությունները:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների
արդյունավետ պաշտպանության համար նման քննարկումներն ունեն կարևոր նշանակություն և
նպաստում են արագ լուծումներ գտնելուն։