Մարտի 5-ին
Ստրասբուրգում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում
է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
Հանդիպմանը
քննարկվել է ինչպես Հայաստանում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես
էլ առհասարակ երկրի մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերող հարցերի
լայն շրջանակ:
Մասնավորապես,
քննարկվել են դատաիրավական բարեփոխումները Հայաստանում, խոշտանգումների դեմ պայքարն
ու կանխարգելումը, փակ հաստատություններում վատ վերաբերմունքի կանխարգելումը և Մարդու
իրավուքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում:
Առանձին անդրադարձ
է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, զինծառայողների ընտանիքների
իրավունքներին, զինված ուժերում կանանց դերի բարձրացմանը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել
Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանության նախարարության գործընկերությամբ Եվրոպայի
խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագիրը:
Եվրոպայի խորհրդի
Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունը Քրիստոս Ջիակոմոպուլոսի
գլխավորությամբ անգնահատելի կարևոր դեր ունի այս ծրագրերի ու Մարդու իրավունքների պաշտպանի
հետ համատեղ աշխատանքի հարցում:
Հանդիպմանը
քննարկվել են կանանց ու երեխաների իրավունքներին, նրանց նկատմամբ բռնության կանխարգելմանը,
հասարակությունում կանանց շարունակական ներգրվամանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում
Արման Թաթոյանը կարևորել է Մարդու իրավունքների
պաշտպանի համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր
տնօրինության հետ Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի գլխավորությամբ:
Քննարկվել
է նաև սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող
խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Կարևորվել
է համատեղ աշխատանքը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պրոֆեսինալ թիմի հետ, ինչպես
նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների
հանձնակատար Դունյա Միյատովիչի և Ծրագրերի հարցերով գլխավոր տնօրինության հետ Վերենա
Թեյլորի գլխավորությամբ:
Գլխավոր քարտուղարը
կարևորել է Եվրոպայի խորհրդի համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ
և բարձր գնահատել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների
պաշտպանության ու երկրի իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցում: