Այսօր Մարդու
իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Միջոցառման
ժամանակ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Մոնիկա Սարգսյանը:
Արման Թաթոյանը
ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության հարցերում, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության բաժնի առաքելությունը, գործունեության ոլորտները, ինչպես
նաև ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայիով վերապահված
նոր լիազորությունները՝ որպես անկախ մշտադիտարկում իրականացնող մարմին:
Ներառական
հասարակություն ունենալու ճանապարհին Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես կարևորել
է հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ, կյանքի բոլոր
բնագավառներում ինքնուրույն և լիարժեք մասնակցությունն ապահովող միջավայրի ստեղծումը,
որոշումների կայացման գործընթացում ակտիվ մասնակցությունը:
«Հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մենք ունենք տարիներով կուտակված
խնդիրներ՝ կարծրատիպային ընկալումներից ու խտրականությունից մինչև անարդյունավետ պաշտպանություն:
Դրանց լուծման ճանապարհին սերտորեն համագործակցելու ենք ոլորտի հասարակական կազմակերպությունների,
անկախ մասնագետների, լրատվամիջոցների և այլ գործընկերների հետ: Այդ նպատակով Մարդու
իրավունքների պաշտպանին առընթեր կստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանությանը նվիրված խորհուրդ»,- ասել է Մսրդու իրավունքների պաշտպանը:
Հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են Մարդու իրավունքների պաշտպանին
առընթեր խորհուրդ ստեղծելու գաղափարը, Պաշտպանի հետ քննարկել հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները, ներկայացրել են դրանց լուծման
ուղղությամբ իրենց տեսլականը:
Հիշեցնենք,
որ 2019 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական
և մշակության պաշտպանության դեպարտամենտի կազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Այն ապահովելու է պետական և տեղական ինքնակառավարման
մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների
և ազատությունների պաշտպանությունը, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման
Պաշտպանի գործառույթների իրականացումը։