ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի հունվարի 10-ին հատուկ այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ ուսումնասիրել նշված քրեակատարողական հիմնարկի առաջին հարկում գտնվող խցերի պայմանները:
Զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկությունների, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 2 խցում պահվող ազատությունից զրկված անձ Կարապետ Սահակյանի քրոջ՝ Արմինե Սահակյանի ահազանգի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները 2017 թվականի հունվարի 23-ին հերթական անգամ այցելել են նշված քրեակատարողական հիմնարկ, հանդիպել թիվ 2 խցում պահվող ազատազրկված անձանց եւ առանձնազրույց ունեցել վերջիններիս հետ:
Այցելության ընթացքում պարզվել է, որ 2017 թվականի հունվարի 20-ին եւ 22-ին թիվ 2 խցում պահվող ազատությունից զրկված անձինք կատարել են ինքնավնասումներ՝ որպես թիվ 89 խուց տեղափոխվելու որոշման դեմ բողոքի նշան:Ինքնավնասումներ կատարած ազատությունից զրկված անձանցից երեքին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ մյուսների բուժօգնությունը կազմակերպվել է քրեակատարողական հիմնարկում:
Տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները վերջիններիս հետ քննարկել են ինքնավնասումներ կատարելու պատճառները, ինչպես նաեւ ուսումնասիրել են այն խցի պայմանները, ուր նախատեսվում է տեղափոխել թիվ 2 խցում պահվող անձանց:
Թիվ 89 խցի անբավարար պայմանների հարցը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել էր դեռեւս 2016 թվականի նոյեմբեր ամսին՝ նշված խցում նախկինում պահվող ազատազրկման դատապարտված անձի բողոքի հիման վրա (բողոքի քննարկման արդյունքում նշված խցում պահվող ազատությունից զրկված անձինք տեղափոխվել են այլ խուց), որի համեմատ հունվարի 23-ի այցի ընթացքում նշված խցում կատարվել են որոշակի բարեկարգումներ:
Այցելության ավարտին ազատությունից զրկված ինքնավնասում կատարած անձինք համաձայնվել են տեղափոխվել թիվ 89 խուց պայմանով, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից նշված խցի բարեկարգման աշխատանքները կշարունակվեն:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 89 խցի բարեկարգման աշխատանքները գտնվելու են Պաշտպանի ուշադրության կենտրոնում: