Մի շարք նախկին զինծառայողներ խնդրել
են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զինվորական կենսաթոշակ ստանալու հարցում:
Դիմումով քաղաքացիները տեղեկացրել
են, որ տարիներ շարունակ զինված ուժերից արձակվելուց հետո Պաշտպանության նախարարությունը
մերժել է զինվորական կենսաթոշակի նշանակումը՝ պատճառաբանելով, որ զինվորական ծառայության
անցնելիս իրենց սահմանային 45 տարեկանը լրացած է եղել:
Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, գրություններ
են հասցեագրվել Պաշտպանության նախարարություն:
Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների
պաշտպանի գրությունը հաշվի առնելով, Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանային տարիքը լրանալուց հետո փաստացի զինվորական
ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածը ևս օրացուցային հաշվարկով հաշվառել զինծառայողին
երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական
ծառայության ստաժում:
Արդյունքում, զինծառայողների բարձրացրած
համակարգային խնդիրը Պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել: Ավելին, Պաշտպանության
նախարարությունը տեղեկացրել է, որ զինվորական կենսաթոշակ են ստացել նաև նմանատիպ հարցով
նախկինում մերժում ստացած քաղաքացիները:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում
է Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զինծառայողների և նրանց ընտանիքների
անդամների իրավունքների պաշտպանության հարցում: