Մարդու իրավունքների
պաշտպանը նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ
դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման
նպատակով:
1. Հաշվի առնելով
Պաշտպանի իրավասության սահմանները՝ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական
տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ
դրա հետ կապված դիրքորոշումներին:
Հանրաքվեի
գործընթացն իրողություն է և անմիջականորեն կապված է քաղաքացիների իրավունքների հետ:
Հետևաբար, առաջանում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման
անհրաժեշտություն՝ այդ իրավունքների երաշխավորման նպատակով:
2. Ըստ այդմ,
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման դիտարկումը վերաբերելու
է հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքին, հանրաքվեի քվեարկության օրվան և հանրաքվեի հետ
կապված հնարավոր իրադարձություններին դրանից հետո:
3. Դիտարկումն
ամբողջությամբ իրականացվելու է անկախ, անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների
հիման վրա՝ հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները:
4. Մարդու
իրավունքների պաշտպանի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ:
5. Հանրաքվեի
կազմակերպման ու անցկացման ողջ ընթացքում և հանրաքվեի քվեարկության օրն աշխատանքային
խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ
զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները:
6. Ապահովվելու
է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի
պատշաճ քննարկումը:
7. Հանրաքվեի
գործընթացի շրջանակներում նախատեսվում է սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու բոլոր
մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Վերջինիս հետ արդեն
տեղի են ունեցել քննարկումներ համատեղ աշխատանքի հիմնական սկզբունքների առնչությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում սերտ համագործակցություն
կիրականացնի դիտորդների, քարոզչական կողմերի ու նրանց վստահված անձանց հետ: Ակտիվ համագործակցություն
կլինի նաև գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների
և լրատվամիջոցների հետ:
8. Մարդու
իրավունքների պաշտպանն առանձին դիտարկման է ենթարկելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը՝
երաշխավորելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքն ու նրանց անխոչընդոտ
աշխատանքը:
9. Պաշտպանի
ու աշխատակազմի հատուկ ուշադրության ներքո են լինելու վիրավորանքի, արժանապատվությունը
նվաստացնող ու ատելության խոսքի հետ կապված հարցերը:
Պաշտպանը հատուկ
արձանագրում է անում այն մասին, որ այս երևույթները խոսքի ազատության երաշխիքներով
չեն պաշտպանվում, ուստի անթույլատրելի են:
10. Հանրային
պաշտոն զբաղեցնող անձինք սահմանափակված են իրենց պաշտոնական կարգավիճակով: Անհրաժեշտ
է ցուցաբերել բարձր պատասխանատվություն երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս
գործընթացում:
Մարդու իրավունքների
պաշտպանը բոլոր պաշտոնյաներից պահանջում է խստորեն պահպանել իրենց կարգավիճակի սահմանները:
11. Հանրաքվեի
գործընթացին մասնակցող կամ չմասնակցող բոլոր կողմերին, ինչպես նաև սոցիալական մեդիայի
բոլոր օգտատերերին կոչ է արվում զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ
այդպիսիք խրախուսող խոսքից կամ հայտարարություններից, ինչպես նաև նման քննարկումների
ներքաշվելուց:
Անհրաժեշտ
է հարգանքով վերաբերվել տարբերվող կարծիքների նկատմամբ ու բոլոր քննարկումները ծավալել
համերաշխության մթնոլորտում:
12. Հանրաքվեին
մասնակցելու և հանրաքվեի գործընթացի հետ կապված իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին
կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով: