ՀՀ
արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում իրականացված
այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում
կատարելու համար ենթարկվել է պատժախուց տեղավորելու ձևով կարգապահական տույժի:
Մարդու
իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման վարույթ, որի արդյունքում Պաշտպանը
կայացրել է խախտման առկայության մասին որոշում:
Ինքնավնասումների
կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական
տույժի կիրառումն իրավաչափ չէ, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու
մասին» ՀՀ օրենքը, որը տալիս է նման հնարավորություն, ենթակա է փոփոխման:
Կոնկրետ գործով
չեն գործադրվել բավարար ջանքեր ազատազրկվածի նկատմամբ պատշաճ հոգեբուժական
հսկողություն, ինչպես նաև ինքնավնասումների կանխարգելման ուղղությամբ, ավելին՝
անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի և
մեկուսացվել:
Մարդու իրավունքների
պաշտպանն արձանագրել է նաև, որ ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած
ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝
հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և
բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական
հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու
համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է
կիրառվեն:
Ավելին,
անհրաժեշտ է մշակել ինքնավնասումներն ու ինքնասպանության փորձերը կանխարգելելու
ընդհանուր և անհատական միջոցառումների պլան: Յուրաքանչյուր նման դեպք պետք է
ուսումնասիրվի անհատապես, և դրա նկատմամբ պետք է սահմանվի հսկողության
իրավիճակային պլան:
Դրանից բացի,
կոնկրետ դեպքում անձի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս ՔԿՀ-ն չի քննարկել
նաև արգելված իրերի խցում գտնվելու հանգամանքն այն հաշվառմամբ, թե որտեղից է այն
դուրս բերվել և պատշաճ
հսկողություն չի իրականացվել արգելված իրերի խցում գտնվելու նկատմամբ, երբ
ազատությունից զրկված անձի մոտ ախտորոշվել է «հարմարվողականության խանգարում» և
անձը նախկինում իրականացրել է ինքնավնասում՝ ածելու շեղբը կուլ տալու միջոցով:
Ուստի, Մարդու
իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է մշակել
նախագիծ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ կատարելու վերաբերյալ և բացառել սեփական անձի առողջությանը կամ
կյանքին վտանգ սպառնացող գործողությունների դեպքում կարգապահական տույժերի
նշանակումը:
Մինչև
օրենսդրական փոփոխությունների կատարումը պետք է անհապաղ դադարեցնել
ինքնավնասումների պարագայում կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան:
Պաշտպանի
խախտման որոշմամբ ՀՀ արդարադատության
նախարարությանն առաջարկվել է նաև մշակել ազատությունից զրկված անձանց կողմից
ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման համալիր ռազմավարություն,
ներառյալ՝ ռիսկերի գնահատման, դրանց համապատասխան հսկողության, միջմասնագիտական
(բժշկական, սոցիալ-հոգեբանական, անվտանգության և այլն) համագործակցության
մեխանիզմներ, ինչպես նաև յուրաքանչյուր անհատական դեպքում՝ հստակ գործելակարգ:
Ազատությունից
զրկված անձին ներկայացվել են իր խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմները,
այդ թվում՝ դատական կարգով այն իրացնելու հնարավորությունը: