Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի
նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների
կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց
նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի»
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների
կատարման առնչությամբ հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը նպատակ ունի նպաստել
Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների առավել
արդյունավետ ներդրմանը։
Պաշտպանի փորձը ցույց է տալիս, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի
ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ շնորհիվ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու
իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի
համագործակցության։ Այս հարցերում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև
արդյունավետ համագործակցությունը Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության
ներկայացուցչի հետ։
Այս անգամ ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումը ներկայացվում է
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ՝ հաշվի առնելով Հելսինկյան կոմիտեի կարևոր
գործունեությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության
հարցերում։ Այս քայլը նաև պայմանավորված է քաղաքացիական հասարակության դերի
խթանման կարևոր հրամայականից ելնելով։
Նախարարների կոմիտե ներկայացված այս համատեղ դիրքորոշման մեջ անդրադարձ է
կատարվել տվյալ վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք
վերաբերում են ազատությունից զրկված անձանց իրավունքները սահմանող ներպետական
կարգավորումների համապատասխանությանը Եվրոպական դատարանի չափանիշներին:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է՝
·
ազատությունից
զրկվելու պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքին,
·
ընտրած անձին
ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքին,
·
փաստաբանի
իրավունքին,
· բժշկական
զննության ենթարկվելու իրավունքին, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից,
· ազատությունից
զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու
իրավունքին, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե
է ներկայացրել ևս երկու հատուկ դիրքորոշում: «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ
վճռի կատարմանն վերաբերյալ դիրքորոշումը՝ զինված ուժերում մարդու իրավունքների
պաշտպանության հարցերի վերաբերյալ և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»՝
ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ:
Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային
հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով պետական մարմինների ու
քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: