Հաշվի առնելով
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին
ուղղված բողոքը և հանրային քննարկումները՝ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ 2020 թվականի հունվարի
29-ին եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից»
վերտառությամբ տեսանյութը, այդ կապակցությամբ փաստաբանի հրապարակային հայտարարությունը
և բողոքը։
Ուսումնասիրության
արդյունքների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով լրագրողական բազմաթիվ հարցումները՝
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հրապարակել այդ հարցի առնչությամբ իր
իրավական դիրքորոշումները:
1.
Անմեղության կանխավարկածի
սկզբունքն արդար դատաքննության իրավունքի անփոխարինելի բաղադրիչ է: Այս հիմնարար սկզբունքի
պահպանման պահանջը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ պաշտոնատար անձանց ու լրատվամիջոցներին՝
յուրաքանչյուրին ըստ իրավասության կամ կարգավիճակի:
2.
Իրավական ցանկացած
ընթացակարգ պետք է իրականացվի դրա համար նախատեսված պարտադիր կանոնների խստիվ պահպանմամբ:
Այդ պարտադիր կանոններից շեղումը չի կարող արդարացվել անգամ իրավաչափ որևէ նպատակով:
3.
Անկյունաքարային
նշանակության այդպիսի պահանջ է քրեադատավարական ցանկացած ընթացակարգի ժամանակ անմեղության
կանխավարկածի երաշխավորումը: Անմեղության կանխավարկածի չպահպանումը կարող է խաթարել
արդարադատության ողջ գործընթացը: Այն պետք է խիստ պահպանվի ցանկացած գործով վարույթի
ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ արարքի մասին է խոսքը, հասարակության շրջանում ինչ
վարկ ունի անձը և այլն:
4.
Այս պահանջն առաջնահերթ
ուղղված է հանրային իշխանության բոլոր մարմիններին ու պաշտոնատար անձանց և նշանակում
է, որ նրանք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի
մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի
մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում:
5.
Իրենց հրապարակային դիրքորոշումներում կամ
հայտարարություններում առանձնապես պետք է զգույշ լինեն այն մարմինները, որոնք պատասխանատու
են քրեական հետապնդման համար և ում քաղաքացին ընկալում է պետության՝ իրավախախտումների,
այդ թվում նաև հանցավորության դեմ պայքարի ոլորտի մարմին:
6.
Մարդու իրավունքների
պաշտպանին հասցեագրված բողոքով փաստաբանը բարձրացրել է նաև տեսանյութի հրապարակմամբ
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի խախտման հարց: Ըստ այս օրենքի
9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները
պետք է կատարվեն՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի
և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով
դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
Օրենսդրական այս
պահանջն ունի հատուկ նպատակ. այն լրացուցիչ երաշխիք է, որ պետք է պարտադիր հաշվի առնվի
քրեական վարույթի ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցանկացած գործողություն
կատարելիս այդ վարույթի կամ ՍԴ դատավորի մասնակցությամբ գործողության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման հարցում:
7.
Մարդու իրավունքների
պաշտպանը հարկ է համարում հատուկ արձանագրել, որ դատական ու իրավապահ մարմինների գործունեության,
այդ մարմիններում քննվող գործերի վերաբերյալ տեղեկություններ լրատվամիջոցներով ստանալը
մարդու հիմնարար իրավունքներից է: Դա խոսքի ազատության կարևոր բաղադրիչ է: Հետևաբար,
լրագրողները պետք է ունենան քրեական արդարադատության ոլորտին վերաբերող տեղեկություններ
ստանալու և ազատորեն տարածելու հնարավորություն:
8.
Դրա հետ միասին,
Հայաստանի միջազգային պարտավորությունները կոնկրետ քրեական գործերին վերաբերող տեղեկություններ
լրագրողների տարածելու հարցում առաջադրում են հատուկ պահանջներ: Մասնավորապես, «Լրատվամիջոցներով
քրեական վարույթներին վերաբերող տեղեկությունների տրամադրման մասին» Եվրոպայի խորհրդի
Նախարարների կոմիտեի Rec(2003)13 հանձնարարականի
2-րդ սկզբունքի համաձայն՝ անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքն արդար դատաքննության
իրավունքի բաղկացուցիչ մաս է: Ըստ նշված միջազգային կանոնի՝ հետևաբար, ընթացիկ քրեական
վարույթին վերաբերող կարծիքները և տեղեկությունները կարող են տրամադրվել կամ տարածվել
լրատվամիջոցներով, եթե դա չի խախտում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածը:
Նույն հանձնարարականը մեղադրյալին վերապահում է պաշտպանության արդյունավետ միջոցի հնարավորություն,
եթե խախտվել է արդար դատաքննության իրավունքը:
9.
Եվրոպայի խորհրդի
Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Լրագրության էթիկայի մասին» թիվ 1003 (1993) բանաձևի
22-րդ կետի համաձայն՝ լրագրության մեջ տեղեկությունները և կարծիքները պետք է հարգեն
անմեղության կանխավարկածը, հատկապես այն գործերով, որոնք դեռ ավարտված չեն և պետք է
ձեռնպահ մնալ գնահատականներից:
10. Հետևաբար, անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը պետք
է պահպանվի նաև լրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքում:
11. Անդրադառնալով ուսումնասիրված տեսանյութին՝ Մարդու իրավունքների
պաշտպանն արձանագրում է, որ նախ, մեջբերվող տեղեկությունները, որ ըստ տեսանյութի՝ տրամադրել
է Հատուկ քննչական ծառայությունը, խնդրահարույց են անմեղության կանխավարկածի տեսանկյունից:
Ուստի, լրատվամիջոցին տվյալներ տրամադրելիս քննչական մարմինը ցանկացած պարագայում պարտավոր
է անմեղության կանխավարկածի հետ կապված անհրաժեշտ բոլոր վերապահումներն անել կամ ընտրել
այնպիսի ձևակերպումներ, որոնք չեն խախտի անմեղության կանխավարկածն ու նախաքննության
տվյալների հրապարակման իրավասության չարաշահման հարց չեն առաջացնի: Դրանից բացի, լրատվամիջոցն
ինքը պարտավորություն ունի հրապարակելու միայն այնպիսի տեղեկություններ, որոնք չեն
խախտում անձի անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքի պահանջը:
12. Հղումը պետական մարմնի վրա ինքնին չի կարող համարվել ընդունելի
հիմնավորում պատասխանատու լրագրության սկզբունքների տեսանկյունից:
13. Այս դիրքորոշումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Դյու Ռոյը
և Մալողին ընդդեմ Ֆրանսիայի (DU ROY AND MALAURIE v. FRANCE, 3 հոկտեմբերի
2000թվական, գանգատ թիվ 34000/96) գործով վճռի
34-րդ կետից, որի համաձայն՝ ընթացիկ քրեական վարույթի վերաբերյալ նյութ պատրաստող լրագրողները
պարտավոր են հարգել մեղադրյալի անմեղ համարվելու իրավունքը:
14. Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանն
արձանագրում է, որ ցանկացած պարագայում լրատվամիջոցի հրապարակման կամ տեսանյութի ձևակերպումները
պետք է լինեն այնպիսին, որ ինքնին չստեղծեն կանխակալ ազդեցություն անձի մեղավորության՝
որպես հաստատված փաստի վերաբերյալ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության
պայմաններում: Խոսքը նաև վերաբերում է տեսանյութում օգտագործվող ձևակերպումներին ու
բառապաշարին:
15. Ուստի, ինչպես Հատուկ քննչական ծառայությունը, այնպես էլ Հանրային
հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման պատասխանատուները հետևողական չեն եղել անմեղության
կանխավարկածն ապահովելու հարցում, և տեսանյութով թույլ է տրվել անմեղության կանխավարկածի
պահպանման պահանջի խախտում:
16. Հասարակության իրազեկվածության և հավաստի տեղեկություններ ստանալու
իրավունքի ապահովման տեսանկյունից լրագրողներն ունեն կարևորագույն առաքելություն: Նրանք
իրենց մասնագիտական աշխատանքով ապահովում են հասարակության մոտ պատկերացումների ձևավորումը
երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ և այդպիսով քաղաքացիական վերահսկողությունն
այդ գործընթացների նկատմամբ:
17. Պատասխանատու լրագրության կանոնները ենթադրում են, որ լրագրողի
աշխատանքը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության, քրեական վարույթին ներգրավված
անձի իրավունքների նկատմամբ հարգանքի, ինչպես նաև լրագրողական նյութի պատրաստման բազմակողմանիության
ապահովման վրա:
Լրագրողի պատրաստած նյութը կամ վերլուծությունը պետք է լինի
հավասարակշռված և բազմակողմանի:
18. Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ անմեղության
կանխավարկածի պահպանման պահանջի խախտումները լրատվամիջոցներով, այդ թվում՝ այլ հեռուստաընկերություններով
կրում են տարածված բնույթ: Սա մտահոգիչ երևույթ է, որի վերացման ուղղությամբ պետք է
տարվեն համակարգված ու նպատակային աշխատանքներ:
19. Ուստի, լրագրողներին և լրատվական կազմակերպություններին խնդրում
եմ մարդու մեղավորության վերաբերյալ գնահատականներում լինել առավել ուշադիր՝ բացառելով
որևէ կանխակալ վերաբերմունք մինչև իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական
ակտի առկայությունը:
20. Հանրային ու հատկապես՝ իրավապահ
մարմինները իրենց գործունեության ընթացքում պարտավոր են խստորեն պահպանել անմեղության
կանխավարկածի հիմնարար պահանջն՝ իր բոլոր բաղադրիչներով: Այդ պահանջի խաթարումը խնդրահարույց
է ոչ միայն անձի իրավունքների, այլ նաև քննության որակի ու արդյունքների նկատմամբ հավաստիության
տեսանկյունից:
Հրապարակման համար լրատվամիջոցներին
տեղեկություններ տրամադրելիս անմեղության կանխավարկածի երաշխավորման սկզբունքով ղեկավարվելը
պարտադիր է: