Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է
այն բողոքների ամփոփումը, որոնք վերաբերում են ողջամիտ ժամկետում գործի քննությանը
դատարաններում: Այդ բողոքները վերաբերում են նաև նրան, որ կոպիտ խախտումների,
տարիներով գործերի ձգձգման դեպքում չկան պատասխանատվության մեխանիզմներ:
Մասնավորապես, բողոքների հիմնական մասը
վերաբերում է նրան, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում,
որ արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում
քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի
վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն:
Օրինակ, մի դեպքում քրեական գործի
առնչությամբ ամբաստանյալը տեղեկացրել է, որ դատական նիստերը շարունակ անհիմն
հետաձգվում են, ընդհանուր առմամբ շուրջ 50 դատական նիստ չի կայացվել: Մեկ այլ
դեպքում դատարանում գործը քննվում է 8 տարուց ավելի, և տվյալ գործով վերջնական
դատական ակտ դեռևս չի կայացվել: Մեկ այլ բողոքի համաձայն՝ դատական նիստերը նշանակվում
են 2-3 կամ 3-6 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ, իսկ նշանակված նիստերն էլ, ըստ
բողոք ներկայացրած անձանց, անհիմն հետաձգվում են (եղել է դեպք, երբ միմյանց
հաջորդող 5 նիստեր հետաձգվել են) և այլն:
Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների
պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան և հրապարակել արտահերթ զեկույց: