Մարդու իրավունքների
պաշտպանը կարևորում է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն
Ազգային ժողովի կողմից: Դրա հետ միասին Պաշտպանն արձանագրում է, որ միայն օրենքի ընդունմամբ
սահմանափակվելն անհրաժեշտ արդյունք ապահովել չի կարող:
2018 թվականին
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ
արտահերթ զեկույցի ձևով: Այս հայեցակարգը ներկայացնում ենք ուսումնասիրության և հարկ
ենք համարում արձանագրել, որ նման երևույթների դեմ պայքարը պետք է լինի համակողմանի:
Քրեական ենթամշակույթի
արմատավորված և բազմատարր բնույթը պահանջում է, պետական բազմակողմանի քաղաքականություն:
Այն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ենթամշակույթի արմատները, դրա ազդեցության տարածման
ծավալները:
Հանցավոր ենթամշակույթի
դեմ պայքարում ելակետային սկզբունքներ են ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի
իրավունքների ապահովումը և նրա վերասոցիալականացմանը նպաստելը: Այդ նպատակի համար քրեակատարողական
համակարգը պետք է ապահովի համապատասխան պայմաններ, ունենա պատրաստված և բավարար անձնակազմ,
որն, իր հերթին, պահանջում է սոցիալական պատշաճ երաշխիքների և աշխատանքային պայմաններ:
Օրենսդրությունը պետք է ստեղծի ազատությունից զրկված անձի համար կանխատեսելի պատկերացում
իր իրավունքների իրացման և պարտականությունների հարցերում:
Միևնույն ժամանակ,
պետք է շեշտել, որ քրեական ենթամշակույթը չի սահմանափակվում միայն քրեակատարողական
հիմնարկներում տարածվելով, այն ծավալված է հասարակության առավել լայն շրջանակներում,
ուստի այն պետք է արտացոլվի նաև հանցավորության դեմ պայքարի պետության քաղաքականության
մեջ՝ ապահովելով արդյունավետ միջոցների կիրառում:
Մարդու իրավունքների
պաշտպանի հայեցակարգը և դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ
հիմնական հարցերին.
1) ազատությունից
զրկելը՝ որպես բացառիկ միջոց,
2) ազատությունից
զրկման վայրերում՝ այդ թվում քրեակատարողական համակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական
ծառայողների պատշաճ սոցիալական և այլ երաշխիքներ,
3) ազատությունից
զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ,
4) ազատությունից
զրկված անձանց կրթություն և զբաղվածություն,
5) ազատազրկվածներին
պահելու պայմանները:
Հետապնդվող
նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես
գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ:
Ձևակերպված
առաջարկներն ունեն մշակվածության բարձր աստիճան և կարող են ունենալ անմիջական կիրառություն:
Հայեցակարգը
մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և
«Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների
հետ համագործակցության շրջանակում։
Մանրամասները՝ այստեղ: