Մարդու իրավունքների
պաշտպանը վարույթ է սկսել ինչպես 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ նրա իրավունքների
հարցով, այնպես էլ աղջկա սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի՝
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած երկու բողոքների վերաբերյալ:
Պաշտպանի ներկայացուցիչները
հունվարի 22-ին չհայտարարված այցի շրջանակում Արմավիր քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց
են ունեցել տասնվեցամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի հետ: Նա
առանձնազրույցի ընթացքում ներկայացրել է քրեական վարույթի հետ կապված հարցեր, որոնց
վերաբերյալ համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Կալանավորված
անձը ներկայացրել է նաև պահման պայմանների հետ կապված հարց, որը քննարկվել է Քրեակատարողական
հիմնարկի վարչակազմի հետ և տեղում ստացել է լուծում:
Նշենք, որ
Պաշտպանին հասցեագրած առաջին բողոքով Արա Սուքիասյանը բարձրացրել է որդու անմեղության
կանխավարկածի խախտման հարցը, ինչպես նաև
հեռախոսակապով հայտնել մտահոգություն Քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների
առնչությամբ:
Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Միջոցներ
են ձեռնարկվել Ռաֆայել Սուքիասյանի իրավունքների հետ կապված:
Երկրորդ բողոքը
Արա Սուքիասյանը Պաշտպանին հասցեագրել է օրեր առաջ՝ վրեժխնդրության հիմքով իր դստեր
նկատմաբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ:
Երկու բողոքներն
էլ սահմանված կարգով ընդունվել են քննարկման: