Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությունը Հայաստանի
մարզերից մեկի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից 6-րդ դասարանում
սովորող իր որդու և դասընկերների նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու
հարցը կարգավորելու համար:
Քաղաքացու
դիմումի համաձայն՝ ծնողները ուսուցչի պահվածքի մասին տեղյակ են պահել դպրոցի
տնօրենին, որը հավաստիացրել է, որ կուսումնասիրի խնդիրը և միջոցներ կձեռնարկի,
սակայն որևէ միջոց չի ձեռնարկել:
Հաշվի առնելով բողոքով բարձրացված խնդրի
կարևորությունը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու
ներկայացուցիչներն այցելել են տվյալ դպրոց և խնդիրը քննարկել դպրոցի տնօրենի,
մարզպետարանի ներկայացուցչի, 6-րդ դասարանի դասղեկի, դասարանի 28 աշակերտների,
նրանց ծնողների, ինչպես նաև ենթադրյալ բռնություն գործադրած ֆիզկուլտուրայի
ուսուցչի հետ:
Քննարկմանը ներկա բոլոր ծնողները Պաշտպանի
աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ պնդել են, որ ֆիզկուլտուրայի
ուսուցիչը ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ պարբերաբար բռնություն է գործադրել
երեխաների նկատմամբ: Պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները
առանձնազրույց են ունեցել 6-րդ դասարանի թվով 28 աշակերտների հետ, որի ընթացքում
երեխաները հաստատել են իրենց նկատմամբ բռնության դեպքերը, ինչպես նաև նշել են
տվյալ ուսուցչի կողմից բռնության այլ դեպքերի մասին, որոնց վերաբերյալ ծնողները
տեղեկացված չեն եղել:Դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների և նրանց ծնողների հայտնած
տեղեկությունների կապակցությամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում
գրություններ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն և մարզպետարան:
Պաշտպանը գրությամբ մարզպետարանից
պարզաբանումներ է պահանջել բարձրացված հարցի կապակցությամբ, իսկ ՀՀ գլխավոր
դատախազություն ուղարկված գրությամբ բարձրացրել է ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում նկարագրված հանգամանքները ստուգելու
հարցը:
Քննարկման արդյունքում դպրոցի տնօրենի
հրամանով ուսուցչին ոչ վայել պահվածքի համար ֆիզկուլտուրայի ուսուցչի նկատմամբ
կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը և դասերի բնականոն ընթացքը
չխաթարելու նպատակով 6-րդ դասարանի ֆիզկուլտուրայի դասաժամերը դասավանդելու համար
այլ ուսուցչի է փոխանցվել։ Միաժամանակ,
մարզպետի կողմից դպրոցի տնօրենին հանձնարարվել է դպրոցի ուսուցչական անձնակազմի
հետ տանել համապատասխան բացատրական աշխատանքներ՝ դպրոցում բացառապես մանկավարժական
մեթոդներ կիրառելու և ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը խստագույնս
պահպանելու նպատակով: