Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց ողջամիտ ժամկետում գործի քննության
պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության
վերաբերյալ։ Խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաև
Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ «Հայաստանի Հանրապետության դատական
օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ
ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ:
Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել
են դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող
հանգամանքները: Նշված հոդվածով ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական
քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը: Ստացվում
է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի
քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար:
Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի տարեկան
հաղորդման համաձայն՝ միայն Երևան քաղաքում առկա է 155 քրեական և 1628 քաղաքացիական
գործ, որոնց քննությունը երկու և ավելի տարիներ ձգձգվում է (կան գործեր, որոնց
քննությունը չի ավարտվում 10 և ավելի տարիներ): Միայն 7 դատավորների մոտ նման
գործերի ընդհանուր թիվը հասնում է 1123-ի:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատական
ակտի բողոքարկումը, կամ ընթացիկ գործերով մեկ այլ դատարանի կողմից ողջամիտ ժամկետի
հարցի քննարկումը և ոչ նյութական վնասի հատուցում պահանջելը, կամ դատավորի
նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը և նրան կարգապահական պատասխանատվության
ենթարկելն արդյունավետ կառուցակարգեր չեն առկա օրենսդրական բացի լրացման համար:
Միջազգային իրավական համակարգերում մեծ տարածում ունեն ողջամիտ
ժամկետում գործի քննության իրավունքի խախտման կանխարգելիչ միջոցները, որոնք,
սակայն, մեր ներպետական կարգավորումներում բացակայում են:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ առկա օրենսդրական բացը
չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի
ամբողջական իրացման հնարավորությունը: Սա իր հերթին հանգեցնում է «Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական
կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ
միջոցների անհարկի սահմանափակման:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: