ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական
հիմնարկներից մեկի դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցում։
Ըստ դիմողի՝ հետազոտվել է, սակայն անհրաժեշտ
վիրահատությունը կազմակերպելու համար չունի բավարար ֆինանսական միջոցներ, ինչի հետևանքով
վիրահատությունը չի իրականացվում: Նա խնդրել է Պաշտպանի աջակցությունն իրեն անհրաժեշտ
վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական
օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպելու հարցում:
Բողոքի քննարկման շրջանակում գրություն
է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Քրեակատարողական
ծառայությունը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ առողջապահության
նախարարություն դատապարտյալի վիրահատական բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար
բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպելու համար: Արդյունքում դատապարտյալը
ենթարկվել է աչքի վիրահատության։
Հետվիրահատական շրջանում քաղաքացու
առողջական վիճակը ևս գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։
Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ հետվիրահատական շրջանում դատապարտյալը
երկու անգամ տեղափոխվել է կլինիկա՝ խորհրդատվություն ստանալու և հետազոտությունների
ենթարկվելու նպատակով, գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հսկողության
ներքո։