ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է
Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ «Հայաստանի Հանրապետության դատական
օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ
ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ:
Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 9-րդ հոդվածին, որով
միայն սահմանվել են դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը
որոշելիս հաշվի առնվող հանգամանքները: Նշված հոդվածով ամրագրված չէ ողջամիտ
ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական
հնարավորությունը: Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների
պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք
մնալ դատարանի համար:
Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի 2019
թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ միայն Երևան քաղաքում առկա է 155 քրեական և
1628 քաղաքացիական գործ, որոնց քննությունը երկու և ավելի տարիներ ձգձգվում է (կան
գործեր, որոնց քննությունը չի ավարտվում 10 և ավելի տարիներ): Միայն 7 դատավորների
մոտ նման գործերի ընդհանուր թիվը հասնում է 1123-ի:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է
տալիս, որ դատական ակտի բողոքարկումը, կամ ընթացիկ գործերով մեկ այլ դատարանի
կողմից ողջամիտ ժամկետի հարցի քննարկումը և ոչ նյութական վնասի հատուցում
պահանջելը, կամ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը և նրան
կարգապահական պատասխանատվության ենթարկելն արդյունավետ կառուցակարգեր չեն առկա
օրենսդրական բացի լրացման համար:
Միջազգային իրավական համակարգերում մեծ տարածում
ունեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման կանխարգելիչ
միջոցները, որոնք, սակայն, մեր ներպետական կարգավորումներում բացակայում են:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ առկա
օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական
իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը: Սա իր հերթին հանգեցնում է «Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական
կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ
միջոցների անհարկի սահմանափակման: