Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին ընդունել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել տիկին Ալեքսանյանին` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում, այդ թվում` զինված ուժերում իրավունքների պաշտպանության հարցում իր կողմից իրականացվող կարևոր գործունեության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման հարցերին:
Հատուկ քննարկման առարկա են դարձել զինծառայողների մահվան, ինքնավնասումների դեպքերը, դրանց նպաստող հնարավոր պատճառներն ու պայմանները, ինչպես նաև նման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ զինծառայողի մահվան յուրաքանչյուր դեպք խիստ մտահոգիչ է, և նման դեպքերի կանխարգելումը պահանջում է շարունակական ու համակարգային աշխատանք, արդյունավետ կանխարգելիչ կառուցակարգերի գործարկում, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պատշաճ և հետևողական աշխատանք։
Պաշտպանը նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում զինծառայողների մահվան դեպքերը և զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայությունն են այն հանգամանքի, որ չնայած տարիների ընթացքում իրականացվող աշխատանքներին` ոլորտում դեռևս առկա են հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ։
Համակարգային բարեփոխումների կարիք ունեն զինված ուժերում բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների, վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է, ինչի առնչությամբ իրականացվող քայլերը պետք է լինեն շատ ավելի կոնկրետ ու հայեցակարգային, իսկ կանխարգելման կառուցակարգերը` շատ ավելի ամբողջական:
Պաշտպանը շեշտադրել է նաև համապատասխան դեպքերի առնչությամբ քրեական վարույթներով պատշաճ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության կարևորությունը, ընդգծել ոլորտային բարեփոխումների անհրաժեշտությունն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:
Քննարկվել են նաև Զինված ուժերում առողջ բարոյահոգեբանական միջավայրի ապահովման, զինծառայողների իրավունքների պաշտպանության, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման մեխանիզմների արդյունավետությանն առնչվող հարցեր։
Պաշտպանն ընդգծել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շարունակական համագործակցության և մասնագիտական քննարկումների կարևորությունը՝ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված արդյունավետ քայլերի մշակման տեսանկյունից։
Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի և Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի համատեղ ընդլայնված նիստ-համաժողովը։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ և նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնելու հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության՝ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» հետ համատեղ կազմակերպած «Մարդու իրավունքների ռազմավարական առաջնահերթությունները պաշտպանության ոլորտում․ ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով աշխատաժողովին։

Սեպտեմբերի 11-ին Երևանի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Խտրականությունը Հայաստանում»` տվյալների եռօրյա բացօթյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որի շրջանակում ներկայացվել են Հայաստանում խտրականության ընկալումների, վերաբերմունքի և փորձառությունների վերաբերյալ համապետական ուսումնասիրության արդյունքները։