Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը հուլիսի 1-ին մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստին։
Նիստի ընթացքում Գլխավոր քարտուղարը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը բարձր է գնահատում իր՝ որպես անկախ և անկողմնակալ մշտադիտարկման ազգային մեխանիզմի ներգրավվածությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված քննարկումներին։
Անդրանիկ Եղոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված զարգացումների, առկա խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023–2025 թվականների գործողությունների ծրագրի կատարման արդյունքներին՝ ներկայացնելով նաև Պաշտպանի դիտարկումները մարդու իրավունքների ոլորտում հետագա ռազմավարական քաղաքականության արդյունավետ իրականացման վերաբերյալ։
Գլխավոր քարտուղարը կարևորել է կանանց իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների լիարժեք իրացման համատեքստում
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի վավերացումը, ինչպես նաև ընդգծել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի շուտափույթ ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն էականորեն կամրապնդի իրավահավասարության և խտրականությունից պաշտպանության ազգային համակարգը։
Այս համատեքստում ընդգծվել է նաև օրենքով Մարդու իրավունքների պաշտպանին վերապահվող նոր լիազորությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների, այդ թվում՝ Պաշտպանի աշխատակազմի շենքային պայմանների հրատապ բարելավման կարևորությունը։
Անդրանիկ Եղոյանը ներկայացրել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական զարգացումները և առկա մարտահրավերները՝ կարևորելով ոլորտային ենթաօրենսդրական ակտերի շուտափույթ ընդունումը։
Քննարկման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։
ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը շարունակում է կարևոր հարթակ հանդիսանալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների, բարեփոխումների ընթացքի և հետագա համագործակցության առաջնահերթությունների քննարկման համար։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) և Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն է դիմել տնային կալանքի տակ գտնվող քաղաքացի՝ տեղեկացնելով, որ իր նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառով չի կարող անձամբ ներկայանալ փոստային բաժանմունք՝ նամակ ուղարկելու համար։

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 7-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: