Երեխաների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություններից է: Առաջնահերթությունը պայմանավորված է նրանով, որ երեխաներն իրենց տարիքային, մտավոր եւ ֆիզիկական զարգացվածության մակարդակի ուժով համարվում են հատուկ խումբ և կարիք ունեն մշտական հոգատարության ու պաշտպանության:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի ուժով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն։
Երեխաների շրջանում իրենց իրավունքների և դրանց պաշտպանության իրավական հնարավորությունների վերաբերյալ մատչելի եղանակով իրազեկվածության բարձրացումը Պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից է: Այդ նպատակով ստեղծվել է երեխաների համար հատուկ հարմարեցված կայքը, որը կոչված է նպաստելու Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավմանը։
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանը, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հարցերին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել նշված կայք հետևյալ հղմամբ՝ children.ombuds.am: