Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է:
Այս ոլորտում Պաշտպանի գործունեությունն իրականացվում է ինչպես անհատական դեպքերով կանանց խախտված իրավունքները վերականգնելով կամ հնարավոր խախտումները կանխարգելելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանանց իրավունքները խախտող պատճառները վերացնելու միջոցով:
Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթ ուղղություններից են կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության դեմ պայքարի օրենսդրական և պրակտիկ խնդիրների վերհանումն ու լուծումը, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված կանանց իրավունքների վերականգնումն ու նրանց իրավական խորհրդատվության տրամադրումը:
Փորձը վկայում է, որ կանանց իրավունքների խախտումները հաճախ կապված են լինում իրազեկման ու գիտելիքների պակասի հետ, ուստի այս գործում մարդու իրավունքների կրթությունը կամ իրազեկումը նույնպես առաջնահերթ կարևորություն ունի:
Կարևորելով կանանց կարողությունների զարգացումը՝ Պաշտպանը կազմակերպում է կանանց իրավունքների թեմաներով պարբերական վերապատրաստումներ և ուսուցողական բնույթի դասընթացներ ինչպես իր աշխատակազմի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ու պետական մարմինների համար: Իրազեկման աշխատանքներ են իրականացվում նաև լայն հանրության շրջանում: