Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Մարդու
իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական
խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2018
թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներն ու
առաջարկվող լուծումները։
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք ՀՀ
զինված ուժերում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված նիստին մասնակցել են Պաշտպանության
նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Անվտանգության խորհրդի
քարտուղարության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
«Զինծառայողների կարգավիճակի բարձրացումը իմ
աշխատանքի առաջնային սկզբունքներից է»,-բացման խոսքի ժամանակ նշել է ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մեր աշխատակազմում ուսումնասիրված առաջատար
երկրների փորձի հիման վրա իրավասու մարմիններ ներկայացվել է առաջարկություն
զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ոչ ֆինանսական բնույթի
արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Առաջարկները Պաշտպանության նախարարության
կողմից հավանության են արժանացել, որից հետո դրանք ներկայացրել եմ ՀՀ վարչապետին
կենսագործելու նպատակով»,- ասել է Արման Թաթոյանը։
Նիստին քննարկվել են զինված ուժերում
կարգապահության ամրապնդման և մահվան դեպքերի նվազման, զինապարտների առողջության պահպանման,
զինված ուժերում կանանց ներգրավման, զինվորական ծառայության անցնելու և
ծառայությունից արձակվելու գործընթացում առաջացող խնդիրները։ Քննարկվել են նաև
զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հիմնահարցերը:
Անդրադառնալով իրավախախտում կատարած զինծառայողների
հարցին՝ Պաշտպանի ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչները նշել են, որ զինծառայողին պատասխանատվության ենթարկելուց առաջ
պետք է վեր հանել զինծառայողի կողմից կատարած իրավախախտման պատճառները: Դա
հետագայում կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն:
Հանդիպմանը
մասնակցող Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի
շարք խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել խնդիրների լուծման
ուղիները։
Պաշտպանը մշտապես կարևորում է զինծառայողների
իրավունքների պաշտպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների և
Պաշտպանության նախարարության ու շահագրգիռ մյուս պետական կառույցների
գործունեությունը: