Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված։ Ուղերձում, մասնավորապես,
ասվում է․
«Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային
օրն է։
Այս օրը հնարավորություն է տալիս իրազեկել հոգեկան
առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ցույց տալ, որ իրենք մեր հասարակության
լիիրավ անդամ են։ Այս տարի Առողջապահության միջազգային կազմակերպությունն իրազեկման
բարձրացման ուղղված աշխատանքները կենտրոնացրել է ինքնասպանությունների կանխարգելմանը։
Հոգեկան առողջության ոլորտը զգայուն է: Այն
վերաբերում է մարդկանց, ովքեր ոչ միշտ են կարողանում բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները,
իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը: Նրանք հաճախ են հայտնվում են
սոցիալական մեկուսացման մեջ և ենթարկվում խարանի: Այս տեսանկյունից շատ կարևոր է հոգեկան
առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացումը:
Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հոգ տանել
նրանց մասին, հասկանալ նրանց և օգնել ապրելու լիարժեք կյանքով։
Ցավոք, հոգեկան առողջության ոլորտի խնդիրներն
ունեն համակարգային բնույթ: Առկա չէ հոգեկան առողջության ոլորտի միասնական քաղաքականություն,
չի գործում պատշաճ վերահսկողություն, բացակայում են համայնքահեն անհրաժեշտ ծառայությունները
կամ դրանք գործում են թերություններով, անընդունելի պայմաններ են հոգեբուժարաններում
և այլն:
Գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների
աշխատանքը: Բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների
ցածր մակարդակը, ինչպես նաև նրանց ոչ բավարար քանակն անմիջականորեն ազդում են մարդու
հոգեկան առողջության պահպանման վիճակի և մատուցվող ծառայությունների որակի վրա:
Հոգեկան առողջության պահպանման առաջնահերթ ուղղություններից
պետք է լինի հենց հոգեբուժական բժշկական ծառայություններին այլընտրանք խնամքի և սոցիալական
սպասարկման ծառայությունների համակարգի ձևավորումն ու զարգացումը:
Միայն սիրով ու ուշադրությամբ կարող ենք հաղթահարել
խնդիրները։
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան»