Փետրվարի
20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։
Այցի շրջանակում
հանդիպում է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ:
Հանդիպմանը
մասնակցել են մարզպետի և ՄԻՊ աշխատակազմերի ներկայացուցիչները:
Քննարկվել
են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, սոցիալ-տնտեսական
հիմնահարցեր, ինչպես նաև ընդգծվել դրանց համակարգային լուծումների կարևորությունը։
Ի թիվս
այլնի, անդրադարձ է կատարվել երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովմանը և
անօթևանության խնդրին, թափառող կենդանիների խնդրին, խոսքի ազատության երաշխավորմանը
և ատելության խոսքի տարածման կանխմանը, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացման ապահովմանը։
Պաշտպան
Անահիտ Մանասյանը կարևորել է պետական և տեղական մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը՝
նշելով. «Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության կարևոր
ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում
են բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ համագործակցությունը
պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների
իրացման պատշաճ համակարգի ապահովումը կարևոր պայման է արդար և հարգալից հասարակություն
կառուցելու համար»։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատանքային այցերը մարզեր կրում են շարունակական բնույթ։