Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 16-ին զանգվածային լրատվության միջոցների
և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ
ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում
հրապարակային խոսքի համար: Ավելի ուշ պարզվել է, որ փաստաբանի նկատմամբ հարուցվել է
հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մասով և վերջինիս
նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
բազմիցս է բարձրաձայնել մասնագիտական տարբեր համայնքների, այդ թվում` փաստաբանական
համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործման լայն
ծավալների մասին՝ ընդգծելով, որ մասնագիտական համայնքների համար պետք է ոչ թե պարզապես
սահմանվեն էթիկայի ու վարքագծի կանոններ, այլ դրանք պետք է հետևողականորեն կիրառվեն:
Այդ առումով Հայաստանի Հանրապետությունում առկա են լրջագույն խնդիրներ, քանի որ լայն
ծավալով տարածվող` էթիկայի ու վարքագծի կանոններին և մարդու իրավունքների ժամանակակից
չափանիշներին հակասող խոսքի համար գրեթե չեն կիրառվում համայնքների ներսում գործող
կարգապահական պատասխանատվության նախատեսված կառուցակարգերը:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն
անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել
քրեական պատասխանատվության: Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն
ամենածանր տեսակների և ծանրակշիրռ հիմնավորումների առկայության պայմաններում կարող
է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել ևս` անձի նկատմամբ կիրառվել ազատությունից
զրկելու ձևով խափանման միջոց կամ պատիժ:
Ուստի Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի
համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները այն պայմաններում, երբ հանրությանը
չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը
հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից:
Դա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի
կիրառմամբ:
Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի
կիրառման իրավաչափության հարցին` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս
է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:
Այս համատեքստում Պաշտպանը վերահաստատում է
իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն
պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն,
որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների
կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի
վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին,
կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը
և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։
Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի
սեփական նախաձեռնությամբ սկսվել է նշված հարցի քննարկում, Պաշտպանի հանձնարարությամբ
ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացնում քրեակատարողական հիմնարկ՝ փաստաբանին տեսակցելու
և վերջինիս հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի
անմիջական ուշադրության ներքո: