Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին այց է իրականացրել Սևանի հոգեկան
առողջության կենտրոն։
Այցի ընթացքում
ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի
կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը,
առանձազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս
իրավունքների իրացման վիճակին։
Ուսումնասիրվել
են շենքային պայմանները, հաստատության կողմից մատուցվող ծառայությունները, բուժառուների
նկատմամբ զսպման միջոցների կիրառման հետ կապված հարցերը, ճաշացանկը, հարմարեցված և
մատչելի միջավայրի ապահովումը, բուժառուների զբաղվածության հետ կապված վիճակը, անձնական
հիգիենային վերաբերելի հարցեր, կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմանները
և այլն։
Հարկ ենք
համարում ընդգծել, որ նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ ստացել են դրական
լուծում, մասնավորապես` կանանց բաժանմունքներից մեկում առանձնացվել է զսպման սենյակ,
որոշ բաժանմունքների մուտքերը կահավորվել են թեքահարթակներով (չնայած շարունակում են
պահպանվել մատչելիության հետ կապված խնդիրները), սանհանգույցներում տեղադրվել են միջնապատեր,
թեև դեռևս կահավորված չեն դռներով, միջնապատով է կահավորվել նաև հաատատության լոգասենյակը:
Այս համատեքստում
Պաշտպանը կարևորում է պետության հանձնառությունը հոգեբուժական կազմակերպություններում
առկա խնդիրները լուծելու և պատշաճ պայմաններ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, շարունակում
են խնդիրներ առկա լինել հաստատության շենքային պայմանների, մատչելիության ապահովման
և այլ հարցերի առնչությամբ: Շատ կարևոր է ապահովել նաև հոգեբուժական կազմակերպությունների
աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ
թվում՝ աշխատավարձի շարունակաբար բարելավումը:
Նշենք,
որ արձանագրված մի շարք խնդիրներ ունեն համակարգային բնույթ և լուծման առաջարկների
հետ միասին ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի Կանխարգելման ազգային մեխանիզմի
2024 թվականի տարեկան զեկույցում։