ՀՀ Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի
կապակցությամբ
«Այսօր
քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ
նահատակների հիշատակը:
Անցյալ
դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային
ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։
Չնայած
մարդու իրավունքների պաշտպանության` շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝
մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների
ենթարկված անձանց իրավունքները։
Պետք է
նկատի ունենալ, որ այսպիսի արարքների անպատժելիությունը ցավալիորեն ծնում է նոր հանցագործություններ։
Այդ փաստը հաստատող օրինակներն աշխարհում բազմաթիվ են: 2023 թվականին էլ ականատես եղանք
Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն ու նրանց նկատմամբ հանցանքների,
դաժանությունների և վատ վերաբերմունքի բազմապիսի դրսևորումների: Ցավոք, այսօրվա աշխարհում
էլ իրականություն է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների
համար պարարտ հիմք ձևավորող` էթնիկ հիմքով ատելությունը, այդ թվում` հայատյացության
քաղաքականությունը:
Ընդգծում
եմ, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման
հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու
հարցում։
Նման ոճրագործությունների
դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործարկումը պետք է լինի օրակարգային յուրաքանչյուրիս
համար։
Ցեղասպանության
հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում: Այն անդառնալի հետևանքներ
է ունենում ամբողջ մարդկության ու մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի
վրա:
Այսօր
մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և
վերահաստատում մեր հանձնառությունը՝ հանցագործության դատապարտման, արդարության վերականգնման
և համանման արարքների կանխարգելման գործում»: