Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 21-ին
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի
արտահերթ նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու
իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն
https://shorturl.at/WHYMa ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման
ազգային մեխանիզմի 2024թ. տարեկան զեկույցը https://shorturl.at/MFfkT :
Պաշտպանը նշել է, որ տարեկան հաղորդման և զեկույցի համատեքստում
կիրառվել են նորամուծություններ։ Օրինակ` բացի մարդու իրավունքներին վերաբերելի ավանդաբար
ներկայացվող խնդիրներից, անդրադարձ է կատարվել մի շարք նոր հարցերի, որոնք մինչ այդ
համակարգային առումով վերլուծված չեն եղել։ Դրանց թիվը գերազանցում է 3 տասնյակը։
«Այս տարի խոսել ենք Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և
հատուկ միջոցների կիրառման, հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների
պաշտպանության, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների
և վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերի քննության, հանրային աղմուկի, տարեցների իրավունքների,
պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալների բնակարանի վարձավճարների
հատուցում չտրամադրելու, առերևույթ ոչ իրավաչափ եղանակով քանդման աշխատանքների կատարման
և այլ ոլորտներում առկա խնդիրների մասին»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ անդրադարձել է երեխաների,
կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանությանը, իրավահավասարության և հակախտրականության ոլորտին, լրագրողների մասնագիտական
գործունեության խոչընդոտման դեպքերին վերաբերող հարցերին, որոնք 2024 թվականի ընթացքում
եղել են իր ուշադրության ներքո:
Անահիտ Մանասյանը իր ելույթի և հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել
է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված բազմաթիվ խնդիրներին` հատուկ
ընդգծելով դրանց լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու
մարմինների հետ պատշաճ համագործակցության պատրաստակամությունը:
Պաշտպանի տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն ամփոփել են
նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առկա խնդիրների
մասին վերլուծությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկները:
Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդումն ու տարեկան
զեկույցն Ազգային ժողով է ներկայացնում ՀՀ Սահմանադրության ու «Մարդու իրավունքների
պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի հիման վրա` նկատի ունենալով ՄԻՊ հաստատությունների
զեկույցների համար առկա միջազգային մեթոդաբանությունը։
Ներկայացված առաջարկների վերաբերյալ տարվա ընթացքում ՄԻՊ–ի նախաձեռնությամբ
անցկացվելու են թիրախային քննարկումներ՝ իրավասու մարմինների և քաղաքացիական հասարակության
ներգրավմամբ: