Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին օրերին լայն
տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում` կանանց թիրախավորող:
Պաշտպանի
աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների
մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են խտրականության և ատելության խոսքի դրսևորումներ,
որոնք խոչընդոտում են կանանց իրավունքների իրացմանը և խաթարում հանրային համերաշխությունը։
Սեռով
պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները արմատավորված
են հասարակությունում ու հասարակական կյանքի բոլոր մակարդակներում՝ հակասելով իրավահավասարության
սկզբունքին։
Մարդու
իրավունքների պաշտպանը դատապարտում է խտրականության ցանկացած դրսևորում և դրանով պայմանավորված՝
անթույլատրելի վարքագծի ցանկացած արդարացում։ Առավել մտահոգիչ է այն, որ նման խոսք
հաճախ տարածում են քաղաքական ու հանրային գործիչները, ինչպես նաև զանգվածային լրատվության
միջոցները: Ավելին, հանրային ընկալման համատեքստում նման խոսքի դրսևորումները հաճախ
չեն ընկալվում որպես խնդրահարույց և չեն արժանանում հանրային անհրաժեշտ հակազդեցության:
Հանրային
համերաշխության և իրավահավասարության ապահովման համար կարևոր է բացառել սեռով պայմանավորված
թյուր ընկալումները, կարծրատիպերը և խտրականությունը։
Հանրային
գործիչներն իրենց գործունեությամբ պարտավոր են նպաստել համերաշխության մթնոլորտի ձևավորմանը,
կանանց հնարավորությունների ամրապնդմանը և նրանց իրավունքների պաշտպանությանը` ոչ միայն
բացառելով ցանկացած խտրական վերաբերմունք, այլև` հակազդելով նման դրսևորումներին։