Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի
Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։
Անահիտ
Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների
շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների,
ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված
ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի,
խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
Պաշտպանն
անդրադարձել է նաև իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա
մարտահրավերներին՝ ընդգծելով ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության
մթնոլորտի անթույլատրելի ծավալները մեր երկրում և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվող
աշխատանքների կարևորությունը:
Անահիտ
Մանասյանը դեսպանին է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների
պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայումս առկա խնդիրները և իրականացվող աշխատանքները։
Իր խոսքում
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելուն
միտված աշխատանքների, գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց
վերադարձի ապահովման կարևորությունը՝ այս հարցերում շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության
մանդատ ունեցող կառույցների դերը:
Իր հերթին
դեսպան Լուկաս Ռոզենկրանցը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել
Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման
գործում։