Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները
փորձի փոխանակման այցով հունվարի 20-ից 24-ը գտնվել են Հաագայում:
Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների
խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում:
Այցի նպատակն էր ապահովել լավագույն փորձի փոխանակումը զինված
ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, իրավախախտումների քննության,
զինծառայողների իրավունքների պաշտպանության ներքին և արտաքին մեխանիզմների, զինված
ուժերում կանանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խտրականության, ոտնձգությունների
դեմ պայքարի և զինվորական ծառայության մեջ նրանց ավելի լայն ներգրավվածության խթանման
հարցերում:
Այցի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք կարևոր հանդիպումներ
են ունեցել Նիդերլանդների պաշտպանության նախարարության, Ազգային օմբուդսմանի հաստատության,
Կառավարության գործակալի գրասենյակի, Ռազմական դատարանի, Զինվորական դատախազության,
Ռազմական ոստիկանության, Ռազմական օմբուդսմանի (Գլխավոր տեսուչի) հաստատության և Միջազգային
քրեական դատարանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում ներկայացվել և քննարկվել է միջազգային
լավագույն փորձը զինծառայողների և վետերանների իրավունքների պաշտպանության ու խթանման,
արտոնությունների տրամադրման, հոգեբանական աջակցության, բարեվարքության ամրապնդման,
առողջության պահպանման, զինծառայողների մեջ առաջնորդի հատկանիշներ ձևավորելու և զինված
ուժերում մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Այցը կարևոր նշանակություն ուներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների
իրավունքների պաշտպանության բաժնի կարողությունների զարգացման տեսանկյունից: