Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շրջանում
բազմաթիվ ահազանգեր են ստացվում իրավասու մարմինների կողմից քրեակատարողական հիմնարկներում
ազատությունից զրկված անձանց հացադուլի պատշաճ վարմանն առնչվող շարունակական խնդիրների
առնչությամբ: Ի թիվս այլնի, բարձրացվում են ստացիոնար բժշկական օգնության հասանելիությանը
վերաբերելի հարցեր:
Պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում ստացիոնար բուժման
անհրաժեշտություն ունեցող հացադուլ հայտարարած անձանց «Դատապարտյալների հիվանդանոց»
քրեակատարողական հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխման
անհարկի ձգձգումները, ինչը երբեմն անդառնալի հետևանքներ է ունենում։
Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է
ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ։ ՄԻՊ աշխատակազմը վերջինիս ստացիոնար բուժման անհրաժեշտության
հարցը տարբեր ձևաչափերով անընդհատ քննարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»
ՊՈԱԿ-ի հետ։
Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ
պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը
կրում է պատասխանատվություն:
Իրավասու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները
նրանց իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաև մահվան դեպքերի առնչությամբ
նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու
համար:
Պաշտպանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ ազատությունից
զրկված անձինք քրեակատարողական հիմնարկներում իրենց բողոքը հաճախ արտահայտում են ինքնավնասումներ
կատարելու ճանապարհով, այդ թվում` օտար մարմիններ
կուլ տալու եղանակով, որոնք որևէ կերպ հասանելի են դառնում ազատությունից զրկված անձանց:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ իրավասու մարմինները պետք
է ակտիվ միջոցառումներ ձեռնարկեն այդ հանգամանքները կանխարգելելու ուղղությամբ:
Վերոնշյալ խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել
է բազմիցս՝ ինչպես հրապարակային ելույթներում, այնպես էլ տարբեր քննարկումների ընթացքում։
Թեման մանրամասն վերլուծվել է նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան
հաղորդման շրջանակներում։
Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման
իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական
ուշադրության ներքո: Դրանք մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, համապատասխան
առաջարկները ներկայացվում են իրավասու մարմիններին՝ ոլորտը բարելավելու նպատակով: