Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին
մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (այսուհետ նաև՝ Հաստատություն):
Այցի ընթացքում
ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ
հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության
ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև
հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը,
դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:
Պաշտպանի
աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային
են և պահանջում են անհետաձգելի լուծումներ:
Մասնավորապես,
արձանագրվել է՝
• Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ
բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված
մահճակալներ։ Ոչ բավարար տարածքի պատճառով արձանագրվել է տղաների ու աղջիկների համատեղ
խնամքի իրականացման դեպք։ Հաստատությունն ապահովված չէ երեխաների առանձնահատկություններին
համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով:
• Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների
նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու
հնարավորություն: Օրինակ՝ լոգարանների մեծ մասը առանձնացված չէր ննջասենյակներից, երեխաների
լոգանքն իրականացվում էր ննջասենյակում մյուս երեխաների ներկայությամբ:
• Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն.
Երեխաների խոզանակները կեղտոտ էին, առկա է երեխաների անձնական հիգիենայի պարագաների,
բաժակների, ափսեների անհատականացման խնդիր (արձանագրվել են դայակների կողմից երեխաների
սրբիչները շփոթելու դեպքեր)։ Հաստատության յուրաքանչյուր խմբասենյակում առկա էր դեղերի
պահման արկղիկ, որը կեղտոտ էր, պարունակում էր բացված և չօգտագործված դեղեր, որնք առանց
մակնշման լցված էին տարբեր տուփերի մեջ, ներարկիչները դրված էին կենցաղային օգտագործման
իրերի հետ միասին։
• Հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և շիլա։
• Մսամթերքի վրա բացակայում էր համապատասխան
մակնշումը, որը հնարավորություն չէր տալիս ստուգելու պիտանիության ժամկետը։
• Համապատասխան մասնագետների ներգրավման դժվարությամբ
պայմանավորված՝ Հաստատությունում չի իրականացվել երեխաների՝ բժշկական, այդ թվում՝ պալեատիվ,
օգնության և սպասարկման անհատական կարիքների գնահատում։
• Արհեստական կերակրումն իրականացվում էր ներարկիչների
և սնուցման զոնդերի (նազոգաստրալ զոնդ) միջոցով, որոնք առանց անհատականացման ախտահանվում
և կրկին օգտագործվում էին։
• Երեխաների հագուստը և նրանց համար առանձնացված
կերակրման շշերը հնամաշ էին։
• Հաստատության ֆիզիկական միջավայրը
չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին: Հաստատությունն ունի հաշմանդամություն
ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցի և խելամիտ հարմարեցումների ապահովման
անհրաժեշտություն։
• Արձանագրվել են փաստաթղթերի պատշաճ վարման
հետ կապված խնդիրներ։ Օրինակ՝ բացակայում էր «Առողջության մատյանը», թերի էր լրացված
երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման
և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյանը:
• Առկա է հաստատությունում երեխաների նկատմամբ
բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ներդրման
անհրաժեշտություն։
• Հաստատությունը ունի բազմամասնագիտական թիմով
համալրվելու և առկա մասնագետների թիրախային վերապատրաստումների անհրաժեշտություն: Առկա
է աշխատակիցների կողմից երեխաների հետ վարվեցողության հմտությունների կատարելագործման
անհրաժեշտություն։
• Տրամադրված տեղեկությունների համաձայն՝
2024 թվականի ընթացքում շարունակվել է երեխաներին, այդ թվում՝ 0-3 տարեկան երեխաներին,
Հաստատություն տեղափոխելու գործընթացը, 2024 թվականի ընթացքում Հաստատությունում բնակվող
որևէ երեխայի խնամք չի հանձնվել խնամատար ընտանիքի և որևէ երեխա չի վերադարձվել ընտանիք։
• Հաստատությունում ներդրված չէ երեխաներին վերաբերելի
հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև
բողոքարկելու իրավունքի իրացման իրական, հասանելի և մատչելի հնարավորություն ապահովող
մեխանիզմ։
• Արձանագրվել են կրթական գործընթացը յուրաքանչյուր
երեխայի պահանջներին համապատասխանեցնելու և հարմարեցնելու, համապատասխան կրթական արձագանք
ապահովելու, ուսումնական հաստատությունների և Հաստատության արդյունավետ փոխհամագործակցության
բացակայության հետ կապված համակարգային խնդիրներ։
• Հաստատությունում բնակվող և հանրակրթական ուսումնական
հաստատությունում սովորող տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող երեխան ապահովված
չէր բրալյան գրքերով և անհրաժեշտ այլ մատչելի ուսումնական նյութերով, և այլն։
Այցի ավարտին
արձանագրված խնդիրները քննարկվել են Հաստատության տնօրենի և աշխատակազմի հետ: Պաշտպանի
աշխատակազմի ներկայացուցիչները տնօրենի հետ ունեցած քննարկման արդյունքում ներկայացրել
են նաև խնդիրների լուծման հետ կապված առաջարկություններ:
Մշտադիտարկման
չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային
խնդիրները, կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ
կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: