2024 թվականի
հոկտեմբերի 31-ին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում տեղեկություններ
են հրապարակվել առ այն, որ օպերատիվ տվյալների հիման վրա ապօրինի կերպով հրազեն պահելու
կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների
պահման վայր է տեղափոխվել 9 անձ:
Մարդու
իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության
ընթացակարգ:
Նույն
օրը նշված անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության և նախաձեռնված քրեական վարույթին
առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ գլխավոր
դատախազությունից:
Այսօր՝
նոյեմբերի 1-ին, Պաշտպանի աշխատակազմ տեղեկություն է ստացվել այն մասին, որ ձերբակալված
բոլոր 9 անձինք ազատ են արձակվել:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված ուսումնասիրությունը շարունակվում
է:
Պաշտպանը
վերահաստատում է իր դիրքորոշումը, որ անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք
է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին և հարցին առնչվող ցանկացած
մտահոգություն պետք է դառնա պատշաճ քննարկման առարկա: