Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի
30-ից հոկտեմբերի 2-ը Բեռլինում մասնակցում է Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝
«Օմբուդսմանական հաստատությունները և զինծառայողների ընտանիքներին աջակցելու պարտավորությունները»
խորագրով 16-րդ միջազգային համաժողովին։
Միջոցառման նպատակն է վեր հանել զինված ուժերում մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, խթանել լավագույն փորձի փոխանակումը, ինչպես
նաև ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների դերը
զինծառայողների ընտանիքներին աջակցելու հարցերում:
Անահիտ Մանասյանը որպես մոդերատոր է հանդես եկել համաժողովի
շրջանակում կազմակերպված` զինծառայողների ընտանիքների անդամների աջակցությանն ու խնամքին
վերաբերող նիստի շրջանակներում:
Այդ համատեքստում Պաշտպանը ներկայացրել է իր գործունեության
կարևոր ուղղությունները, այդ թվում՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների
իրավունքներին վերաբերելի առկա մարտահրավերները, անդրադարձել զինծառայողների ընտանիքների
աջակցությանն ուղղված աշխատանքներին, այդ հարցում օմբուդսմանական հաստատությունների
դերին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է զինված հակամարտությունների
ազդեցությունը կրած ընտանիքների իրավունքների ապահովմանն ուղղված ջանքներին, խոսել
ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության մասին: Անահիտ Մանասյանն իր խոսքում հատուկ ընդգծել
է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելուն միտված աշխատանքների շարունակականության,
գերության մեջ հայտնված անձանց իրավունքների
պաշտպանության, նրանց վերադարձի ապահովման կարևորությունը՝ այս հարցերում շեշտելով
մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների դերը:
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի Բունդեսթագի
փոխնախագահ Իվոն Մագվասը, Գերմանիայի ԶՈՒ գծով խորհրդարանական հանձնակատար, դոկտոր
Եվա Հոգլը, Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) նախագահ, դեսպան
Նատալի Չուարդը և Գերմանիայի ԶՈւ գծով նախկին խորհրդարանական հանձնակատար Ռեյնհոլդ
Ռոբը:
Միջոցառումը, որին մասնակցում են շուրջ 40 երկրներից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների
ներկայացուցիչներ և ղեկավարներ՝ կազմակերպել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան
կենտրոնը (DCAF) Գերմանիայի ԶՈւ գծով խորհրդարանական հանձնակատարի հետ համատեղ: