Մարդու
իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է ՀՀ փաստաբանների
պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Պաշտպանի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները։
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքն առանցքային
կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։ Այս համատեքստում կարևորվել
է Պաշտպանի հաստատության և Փաստաբանների պալատի միջև ձևավորված ամուր համագործակցությունն
ի շահ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության։
Պաշտպանը
նշել է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը մարդու իրավունքների
պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում
և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն։
Հանդիպման
ընթացքում քննարկվել են փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտներին, բռնի
տեղահանված անձանց իրավական աջակցության խնդիրներին, իրավաբանական օգնության նկատմամբ
կիրառվող հարկային փոփոխություններին առնչվող և մի շարք այլ հարցեր։
Ի թիվս
այլնի, զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հնարավոր ուղղություններին
և համատեղ միջոցառումների իրականացմանը։
Իր հերթին,
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել հանդիպման
համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության
իրականացման գործում։