Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 8-ին
աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ:
Շրջայց է իրականացվել ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի
աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքով, որտեղ
խնամք և աջակցություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները:
Պաշտպանը ծանոթացել է երեխաների կենցաղային պայմաններին, երեխաների զարգացման ուղղված
ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով:
Երեխաներին ներկայացվել է Պաշտպանին անձամբ դիմելու ընթացակարգը:
Այնուհետև Պաշտպանը Կենտրոնի սաների հետ Գյումրու Վարդան Աճեմյանի
անվան պետական դրամատիկական թատրոնում դիտել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը:
Ներկայացումից հետո երեխաները Պաշտպանի հետ կիսվել են իրենց տպավորություններով:
Գյումրի այցն իրականացվել է Երեխաների պաշտպանության միջազգային
օրվա շրջանակներում, մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, մարզի դատախազ Արմեն Չիչոյանը
և մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն
իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:
Երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից Պաշտպանը խիստ
կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում
ապահովելու անհնարինության դեպքում, այլընտրանքային խնամքի այնպիսի տեսակի ընտրությունը,
որը երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և երաշխավորում է երեխայի իրավունքները`
խնամքի տրամադրման ողջ գործընթացում: