Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մայիսի 7-ին մասնակցել Է Մարդու իրավունքների
ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին։
Միջոցառման
շրջանակում քննարկվել են նաև խոշտանգումների կանխարգելման ու բռնի տեղահանված անձանց,
փախստականների իրավունքներին առնչվող հարցեր։
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է խոշտանգումներին և վատ վերաբերմունքի այլ ձևերին առնչվող գործերի
արդյունավետ քննության կարևորությունը: Պաշտպանն ընդգծել է նշված գործերի քննության
առանձնահատկությունների առնչությամբ իրավապահ մարմինների կարողությունների բարելավման
և դրան ուղղված համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման անհրաժեշտությունը։
Անդրադարձ
է կատարվել ՀՀ ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի գործունեությանը, որի
կազմում ընդգրկված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
«Խոշտանգումների
կանխարգելման խորհուրդը շատ կարևոր հարթակ է ոլորտային հարցերի շուրջ լսելու քաղաքացիական
հասարակության մեր գործընկերներին` նրանց մտահոգությունները նաև պետական մարմիններին
հասցնելու առումով»,-նշել է Պաշտպանը։
Միջոցառման
մասնակիցներին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, կարևորել նրանց իրավունքների
պաշտպանության առանձնահատուկ կառուցակարգերի մշակման և գործադրման անհրաժեշտությունը,
ընդգծել նաև միջազգայինն կազմակերպությունների դերակատարությունը այս գործընթացում։
Անահիտ
Մանասյանը կարևորել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ջանքերի մեկտեղումը
և աջակցության բարձրացումը բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների
իրավունքների պաշտպանության հարցում` նկատի ունենալով այն, որ վերջիններս հաճախ հետապնդումների
և վատ վերաբերմունքի այս կամ այն դրսևորումների զոհ են, և նրանց խնդիրները պետք է ստանան
առանձնահատուկ կառուցակարգերով պատշաճ հասցեավորում։ Այս համատեքստում Պաշտպանը հանդես
է եկել մի քանի առաջարկություններով։