Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին ընդունել է բնապահպանական խնդիրներով
զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Հանդիպման
նպատակն էր քննարկել բնապահպանական ոլորտում առկա այն խնդիրները, որոնք առնչվում են
մարդու իրավունքների պաշտպանության համակարգին:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է նման ձևաչափով հանդիպումները,
քանի որ հնարավորություն է ստեղծվում անձամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից
լսել ոլորտին առնչվող խնդիրները, մշակել համագործակցության արդյունավետ հարթակ և համատեղ
լուծման հնարավոր տարբերակներ։
Պաշտպանը
նշել է, որ շրջակա միջավայրը, դրա պահպանությունն ու բնագավառում առկա խնդիրներն ուղղակիորեն
կապված են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հետ: Այս համատեքստում ընդգծվել
է, որ մաքուր, առողջ, անվտանգ և կայուն զարգացող շրջակա միջավայրի բացակայության պարագայում
մարդը զրկվում է իր կենսական մի շարք իրավունքների իրացման հնարավորությունից:
Իրենց
հերթին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են բնապահպանների
նկատմամբ նկատվող ճնշումներին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր համար չափազանց կարևոր
է, որպեսզի մասնագիտական և իրավապաշտպան գործունեություն իրականացնելիս ցանկացած անձի,
այդ թվում՝ բնապահպանների իրավունքները Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված
լինեն։
Բարձրացված
խնդիրների առնչությամբ Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակներում հետևողական լինելու
և համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: