Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 5-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման
գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)/Հայաստանի առաքելության Արդարադատության ոլորտի աջակցության
ծրագրի տնօրենի պաշտոնակատար Քլեր Բեմբրիքի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են ժողովրդավարության
և իրավական միջավայրի զարգացմանը։
Պաշտպանը
հատուկ ընդգծել է Սահմանադրական դատարան դիմումներ և հատուկ դիրքորոշումներ
(amicus curiae briefs) ներկայացնելու հետ կապված հաստատության աշխատակիցների հմտությունների
կատարելագործման կարևորությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել 2023 թվականի
նոյեմբերին տեղի ունեցած ԱՄՆ ՄԶԳ` Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի
կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում կազմակերպված
աշխատաժողովին, որի նպատակն էր զարգացնել Պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի
կարողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության խթանման նպատակով ստեղծել արդյունավետ
քննարկումների հարթակ:
Անահիտ
Մանասյանը հյուրերին ներկայացրել է նաև Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով
կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական
իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության,
ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում
և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Քլեր Բեմբրիքն
էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի
հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի
ամրապնդման հարցում։
Հանդիպման
ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու
և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: