Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի
10-ին, ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության
(Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած
պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է ինչպես հրեաների,
այնպես էլ ազգային փոքրամասնությունների այլ համայնքներին պատկանող անձանց իրավունքների,
ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման
ու զարգացման իրավունքների երաշխավորման, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության
ապահովման կարևորությունը:
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ներկայումս ընթանում
են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների
պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են
նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիպման շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, անդրադարձել առաջնային կարիքների
գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք
աշխատանքների արդյունքներին:
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել հաստատության գործունեության
առաջնահերթություններին՝ ընդգծելով իր հաստատակամությունը` շարունակելու պայքարն անհանդուրժողականության,
խտրականության և ատելության միջավայրի ու խոսքի դեմ:
Իրենց հերթին Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության
անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի
հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի
ամրապնդման հարցում։