Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է ԱՄՆ Միջազգային
զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության
ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում
կազմակերպված աշխատաժողովին:
ԱՄՆ Միջազգային
գործակալության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադարական դատարանի աշխատակազմի
համատեղ միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի
կարողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության խթանման նպատակով ստեղծել արդյունավետ քննարկումների հարթակ:
Միջոցառմանը
բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՍԴ նախագահ
Արման Դիլանյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավար
Մարկ Լասմանը:
Անահիտ
Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանադրական
արդարադատությունն ունի բացառիկ կարևորություն:
«Շատ կարևոր
է, որ սահմանադրական արդարադատության համակարգի միջոցով մարդու իրավունքների պաշտպանությունը
կարողանանք իրականացնել բացառիկ պրոֆեսիոնալիզմով և որակյալ, ինչը հնարավոր է միայն
նման նախաձեռնությունների արդյունքում ձևավորվող երկխոսության արդյունքում»,- ասել
է Պաշտպանն իր բացման խոսքում:
Անահիտ
Մանասյանը հատուկ ընդգծել է նաև իր հանձնառությունը Պաշտպանի դիմումների հիման վրա
Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պրակտիկան կատարելագործելու հարցում,
քանի որ միայն որակյալ դիմումներ ներկայացնելն ու ակտեր ունենալը բավարար չեն, կարևոր
է այդ ակտերի իրացման պրակտիկան:
Որպես
բանախոսներ Պաշտպան Անահիտ Մանասյանը և ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը պատասխանել են երկու
կառույցների աշխատակազմի ներկայացուցիչների հարցերին:
Աշխատաժողովի
շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՍԴ
դիմելու կարգին, առանձնահատկություններին ու գործնական խնդիրներին, այդ դիմումներին
ներկայացվող պահանջներին ու դրանց ընդունելիության չափանիշներին:
Աշխատաժողովի
ավարտին բանախոսները վստահություն են հայտնել, որ երկխոսության մշակույթն ու հարթակը
շարունակական կլինեն, արդյունքում կառույցների փոխգործակցությունը կդառնա առավել արդյունավետ: