ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչության ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին և 24-ին
չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
գտնվող ձերբակալված անձանց պահելու վայրեր, ոստիկանության բաժիններ, դատարաններ, ինչպես
նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:
Այցերի
շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել վերը նշված հաստատություններում պահվող
անձանց հետ: Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առողջական վիճակին, մանրակրկիտ
ուսումնասիրել են պահվող անձանց և անձնակազմի աշխատանքային պայմանները, փաստաթղթերը,
նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Ի տարբերություն
նախորդ այցի` այս անգամ դիսպանսերում գրանցվել է աշխատանքների կազմակերպման դրական
տեղաշարժ: Միևնույն ժամանակ արձանագրվել է գերբնակեցում, կողապահարանների նվազ քանակ
և այլ համակարգային խնդիրներ, որոնք այս պահին ամփոփման փուլում են: Երկու մարզերում
իրականացված մշտադիտարկման ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները պատրաստակամ համագործակցել
են և տրամադրել պահանջված ամբողջական տեղեկատվությունը:
Ձերբակալված
անձանց պահելու վայրերում ևս խնդիրներ են արձանագրվել։ Մասնավորապես տեսակցությունների
սենյակներն առանձնացված են ապակե միջնորմով, որը սահմանափակում է տեսակցության ընթացքում
անձանց ֆիզիկական շփման հնարավորությունը: Ազատությունից զրկված անձի և տեսակցողի շփումը
կազմակերպվում է սենյակում առկա հեռախոսի միջոցով, ինչը չի համապատասխախում սահմանված
պահանջներին։
Չհայտարարված
այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները
համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին: